Մենք 20 տարի շարունակ ասել ենք՝ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, դրա դեմ Ադրբեջանի կողմից հնչեցվող կտրուկ, ամպագոռգոռ հայտարարությունները պարզապես անընդունելի են` ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին ներգրավելը ծիծաղելի է:
«Եթե Ադրբեջանի ինչ-որ պաշտոնյա կարծում է, որ ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին ծիծաղելի է, ես կուզենայի հիշեցնել, թե ինչպես էին Արցախյան պատերազմի ժամանակ նույն Հեյդար Ալիևը, մնացած պաշտոնյանները խնդրում, որ կապ հաստատվի Արցախի իշխանությունների հետ, որ զինադադարի ռեժիմ կնքվի: Այն ժամանակ ոչ ոք չէր ասում, որ դա ծիծաղելի է, խնդրում էին, աղաչում էին, որ բանակցեն մեզ հետ, մենք սա երեսով տալու համար չենք ասում, մենք պարզապես ասում ենք իրականությունը: Եթե ծիծաղում են, ուրեմն ծիծաղում են իրենց նախորդ իշխանությունների վրա»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:
Նա ընդգծեց, որ «դեյուրե» Արցախը շարունակում է բանակցությունների մասնակից մնալ: «Առանց Արցախի մասնակցության պարզապես անհնարին է հակամարտությունը կարգավորել: Հիմա այդ մասնակցությունն ընթանում է, այսպես ասած, մասնակի ձևով: Մինչև 1997-98 թթ. ուղիղ մասնակցություն էր, այնուհետև Ադրբեջանին հաջողվեց այնպես անել, որ արցախյան կողմը դուրս մնա բանակցություններից, բայց ուզում եմ ասել, որ «դեյուրե» նոր ձևաչափ չի հաստատվել, որտեղ Արցախը չկա: Որովհետև Արցախ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափը՝ գումարած համանախագահները, ընդունվել է կոնսենսուսի հիման վրա` ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ` 1994-ին և, որպեսզի փոխվի ու նոր ձևաչափ լինի, նորից պետք է գագաթաժողով լինի, ինչը չի եղել: Փաստորեն, իրավական տեսանկյունից այս ձևաչափը չի համապատասխանում իրականությանը, և պետք է վերականգնվի Արցախի մասնակցությունը բանակցություններին: Այս մասին քաջ գիտակցում են նաև համանախագահողները»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղ կարգավորման, փորձում է վիժեցնել` վկայում են նաև սահմանին հակառակորդի սադրանքները: